ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՎԵԼԻՆ ԷՐ ՊԵՏՔ ԱՆԵԼ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ…»
ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՎԵԼԻՆ ԷՐ ՊԵՏՔ ԱՆԵԼ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ…»
12 Մարտ, 2016, iravunk.com
Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով` այս տարի Լեոնիդ Ենգիբարյանի 81-ամյակը կնշվի բազմաթիվ միջոցառումներով եւ ներկայացումներով: Նա ափսոսանք հայտնեց, որ նախորդ տարի Ենգիբարյանի 80-ամյակը չի նշվել պետական մակարդակով.«Ճիշտ է, մենք անգործ նստած չէինք, արել ենք ամեն ինչ , որպեսզի ժողովուրդը չնկատի այս մեծ բացթողումը: Շրջել ենք բոլոր մարզերով ու զորամասերով եւ ելույթներ ունեցել, սակայն այս ամենը քիչ էր, ավելին էր պետք անել Ենգիբարյանի համար»,-նշեց Ս. Պետրոսյանը:

Ըստ նրա, Ենգիբարյանը կրկեսային արվեստով զբաղվել է ընդհամենը 10 տարի եւ այդ կարճ ժամանակահատվածում իր գործունեության շնորհիվ դարձել է լեգենդ.«Ռուսները համարում են, որ նա ռուսական ուղղվածության ծաղրածու էր, եվրոպացիները կարծում են, որ ավելի շատ եվրոպական ուղղվածության էր, իսկ մենք միշտ էլ համարել ենք, որ Ենգիբարյանի կրկեսային գործունեությունը զուտ հայկական է: Նա առաջին անգամ ծաղրածուական արվեստը եւ կրկեսային հնարքը միացրեց թատերական կերպարին եւ ներկայացավ հանրությանը: Լ. Ենգիբարյանը տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին»,-ընդգծեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Նրա բնորոշմամբ, չնայած բազմաթիվ թեզերի եւ ուսումնասիրությունների, մինչեւ այժմ անհայտ է մնացել, թե որն է Ենգիբարյանի արվեստի մեծությունը: Լինելով Լ. Ենգիբարյանի աշակերտը, Ս. Պետրոսյանը դժվարանում է բեմադրել այնպիսի ներկայացում, որը ճիշտ կգնահատի նրա արվեստը.«Ենգիբարյանի 81-ամյակին իմ դուստրը բեմադրել է «Ծափահարությունները շարունակվում են» ներկայացումը, որը ապրիլի 2-ից սկսած կցուցադրվի բոլոր շրջաններում ու զորմասերում»,-եզրափակեց Սոս Պետրոսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

