Կրկեսի վերակառուցման ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էին եղել, որոնք հնարավոր եղավ շտկել ռուս գործընկերների շնորհիվ. Սոս Պետրոսյան
Կրկեսի վերակառուցման ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էին եղել, որոնք հնարավոր եղավ շտկել ռուս գործընկերների շնորհիվ. Սոս Պետրոսյան
06.10.2017 / aysor.am
Երևանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանը երեկ նշում էր ծննդյան 69 ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց՝ որտե՞ղ և ի՞նչ միջավայրում է անցկացրել տոնական օրը:
«Երկու օր առաջ հանդիպում ունեինք մեր կրկեսի վերակառուցման հովանավոր Սամվել Կարապետյանի հետ: Նրա խորհրդով Մոսկվայից բարձրակարգ մասնագետներ, կրկեսի գիտակներ ենք կանչել, ովքեր հրաշալի գիտեն կրկեսի տեխնոլոգիան: Մոսկվայի Նիկուլինի կրկեսում իմ խնամին՝ հարսիս հայրն է աշխատում՝ Վլադիմիր Տարասովը, ով անշահախնդիր եկավ այստեղ, մի քանի օր մեզ հետ աշխատեց, կարևոր խորհուրդներ տվեց: Այն տեխնոլոգիան, որր գոյություն ունի Նիկուլինի կրկեսում, փոխանցեց նաև մեզ: Այնպես որ, իմ ծննդյան ամբողջ օրը կրկեսի շինարարական հրապարակում ենք եղել: Ճիշտ է, ներկա պահին կրկեսը չի աշխատում, բայց մենք ոչ մի օր պարապ չենք մնում», – մանրամասնեց հոբելյարը:
Կրկեսի ղեկավարը խոստովանեց՝ Երևանի պետական կրկեսի վերակառուցման ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էին եղել, որոնք հնարավոր եղավ շտկել ռուս գործընկերների շնորհիվ:
«Մենք որոշ բաներ սխալ էինք արել, Տարասովը միակ մասնագետն էր, ով կարող էր ուղղել այդ ամենը: Ուսումնասիրել ենք այն տարածքները, որտեղ պետք է լինեն ստուդիան, մարզիչների սենյակը, ուսանողների հանդերձարանը և այլն: Այսպես էլ անցել է ծննդյանս օրը, երեկոյան էլ իրենց ճանապարհեցի ու գնացի տուն՝ կնոջս, աղջկաս ու թոռնիկներիս հետ ֆուտբոլ նայեցի: Ընթացքում էլ մի-մի բաժակ խփեցինք ու շնորհավորեցինք: Դե, ընտանիքս արդեն սովորել է իմ այս ռեժիմին», – ժպիտով նկատեց նա:
Հոբելյարը, սակայն, չի բողոքում տոնական օրվա ոչ տոնական զբաղվածությունից: Ավելին, նկատում է՝ ուրախ է, որ անգամ իր ծննդյան օրն է գործնական վազքի մեջ:
«Ես չեմ սիրում, որ նստում են, խմում, կենացներ ասում: Դա իմը չէ, նստակյաց մարդ չեմ ես: Մի գաղտնիք բացեմ՝ 100 տարի այս կրկեսի ղեկավարն եմ, բայց դեռ իմ աշխատասենյակում, իմ աթոռին նստած չկամ: Բանակցությունները միշտ վարել եմ գոմում, ձիերի մոտ, դերասանների փորձասենկաներում, կրկեսի «մանեժում»… Հիմա մի բան եմ ուզում՝ կրկեսը շուտ բացվի, մեր ժողովուրդը երկար սպասեց», – նշեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, Սոս Պետրոսյանը ծննդյան օրը շնորհավորանքների պակաս չի ունեցել: Առաջին շնորհավորողներից է եղել Մոսկվայի կրկեսների ղեկավար Դմիտրի Իվանովը, ով նաև հրավիրել է նոյեմբերի 17, 18, 19-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք կրկեսային արվեստի միջազգային ֆորումին, որտեղ նա պետք է ելույթ ունենա «Հայկական կրկեսը և նրա գեղարվեստական արժանիքները» թեմայով:

