February 10, 2026

Եթե ծաղրածու լինելն այդքան հեշտ լիներ, մեկ Ենգիբարյան չէինք ունենա. Սոս Պետրոսյան

Եթե ծաղրածու լինելն այդքան հեշտ լիներ, մեկ Ենգիբարյան չէինք ունենա. Սոս Պետրոսյան

«Մի քաղաքական գործիչը մյուսին ասում է. «Լավ կլինի գնաս ծաղրածու աշխատես կրկեսում»: Այ մարդ, ծաղրածու լինելը, որ այդքան հեշտ լիներ, մեկ Ենգիբարյան չէինք ունենա: Հայաստանը 3 միլիոն բնակչություն ունի, որից 2 հազարը քաղաքական գործիչ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում կատակում է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը, ապա անցնում լուրջ թեմաներին՝ ե՞րբ է կրկեսի շենքը բացվելու, այս ընթացքում որտե՞ղ են ներկայացումներ տվել, առանց կենդանիների ինչպե՞ս են խաղում, ի՞նչ պրեմիերաներ ունեն, ի՞նչ հնարավորություններ է տալու նոր կրկեսի շենքը:

Կրկեսային կյանքը՝ կրկեսի շենքից դուրս

Շատերը մտածում են, որ մի քանի տարի է՝ նոր կրկես է կառուցվում, ուրեմն մենք, կրկեսի գործիչներս պարապ նստած ենք, ոչինչ չենք անում: Մեր ժամանակավոր բեմահարթակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն է: Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում 5 տարի առաջ կուրս բացեցի, որի նպատակն էր պատրաստել կրկեսի մասսայական տեսարանների ռեժիսորներ: Այս տարի տեղի ունեցավ կուրսի ավարտը, որտեղ ուսանում էր նաեւ իմ երրորդ թոռնիկը՝ Հրաչ Պետրոսյանը: «Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը, որը գնում է Պարոնյան թատրոնում, բեմադրել է թոռս: Փայլուն հանձնելով դիպլոմային աշխատանքը՝ ընդունվել է թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ասպիրանտուրա: Այդ բեմադրությամբ բեմադրիչը ուզում է ասել՝ սպասեք մի քիչ էլ, կրկեսում լույսերը կվառվի: Ներկայացումը բեմ կբարձրանա նաեւ մայիսի 21-ին:

Կրկեսային կյանքը մեզ մոտ ակտիվ է: Կրկեսին կից ունենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոց, որը հիմնադրել եմ 1972թ.-ին՝ լինելով Լեոնիդ Ենգիբարյանի միակ աշակերտը: Ենգիբարյանի մահից հետո բացված դպրոցը գործում է մինչ այսօր եւ հատկանշական է, որ ուսումը անվճար է: Ոչ մի երեխայից դրամ չենք վերցրել: Մեր շրջանավարտները ամբողջ աշխարհով մեկ ներկայացնում են կրկեսային արվեստը:

Ինչպե՞ս է կրկեսն աշխատում առանց կենդանիների:

Երբ ասում ենք՝ կրկես, հասարակությունն անմիջապես պատկերացնում է կենդանիներ, մինչդեռ Սոս Պետրոսյանի խոսքով՝ կրկեսային արվեստը բազմաժանր արվեստ է:

«Վերջերս լույս տեսավ իմ վերջին՝ 5-րդ գիրքը, նվիրված հայկական կրկեսին: Ծավալուն նկարագրում եմ կրկեսի կենդանաբանության մասին: Դուք ճիշտ եք, կրկեսն առանց կենդանիների, նույն է, եթե հաց ուտես առանց աղի, կատարյալ չի լինի առանց կենդանիների: Ավանդույթները փոխել չի լինի, առանց կենդանավարժության կրկեսը կրկես չէ: Օրենքը դուրս եկավ, որ կրկեսում վայրի կենդանիներ չպետք է լինեն, մենք սիրում ենք օրենքը, կխաղացնենք տնային կենդանիների»,-ասաց նա:

Ի՞նչ հնարավորություններ կտա կրկեսի նոր շենքը

Կառուցվելիք շքեղ կրկեսում, Պետրոսյանն ասում է, հնարավորություն կունենան իրագործել կրկեսային մյուս ժանրերը, այնպիսիք, որոնք նախկինում չեն կարողացել՝ շենքային անհարմարությունների պատճառով:

«Կրկեսն այնքան հարուստ է իր էությամբ, որ հանդիսատեսը չի զգա այս կամ այն վայրի կենդանիների բացակայությունը: Ինչպես արդեն նշեցի, մենք արդեն 5 անգամ ներկայացում ենք ունեցել Պարոնյանի թատրոնում, որտեղ խաղում են եւ՛ Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոցի լավագույն շրջանավարտները, եւ՛ պրոֆեսիոնալ դերասանները: Խաղում են ծաղրածուներ, ակրոբատներ, գիմնաստներ եւ այլն: Ես գիտական թեզ եմ պաշտպանել՝ նվիրված կրկեսին: Կրկեսը միակ տեղն է, որտեղ չկա «խալտուրա»:

Օրինակ, ուր գնաս, բոլորը դերասան են: Մեր տակի հարեւանը՝ առաջին հարկի, սերիալներում խաղում է, ասում է՝ դերասան եմ: Լավ դերասան էլ կա, վատ էլ կա, բայց որպեսզի քիչ փող ծախսեն, վերցնում են երկրորդական մասնագիտություն ունեցող մարդկանց, որ քիչ գումար տան:

Մեծն Ստանիսլավսկին, որը կրկեսային արվեստի ռեֆորմատորն էր, գրում է, որ կրկեսը միակ տեղն է, որտեղ չկա «խալտուրա»: Իր դերասանական, թատերական կուրսերին ասում էր՝ գնացե՛ք կրկեսի դերասաններից սովորեք կարգապահություն: Պատահական մարդը չի կարող ասել «ես ակրոբատ եմ», կասեմ՝ ցույց տուր, այսինքն՝ կրկեսում չկա սուտ: Թատրոնի եւ կինոյի դեպքում խաբել հնարավոր է, իսկ կրկեսի դեպքում՝ երբեք: Մեզ մոտ, եթե չունես հմտություն, եւ չես կարող ակրոբատիկա անել, չես կարող ասել դերասան եմ:

Ինչու՞ է այսքան ուշանում կրկեսի շենքի բացումը

Լավ հարց եք տալիս: Հին կրկեսը չէր համապատասխանում ստանդարտներին: Բացի այդ, ձմռանը ավելի ցուրտ էր ներսը, քան դրսում, ամռանը ավելի շոգ՝ քան դրսում, մի խոսքով դիմանում էինք: Ձմռանը մարդիկ վերարկուներով էին նստում ներկայացում նայելու: Մեծ ատրակցիոններով տեսարաններ չէինք կարողանում անել: Մեր ֆինանսավորողի շնորհիվ հիմա կառուցվում է շատ շքեղ կրկես, որի բացումը երկարում է: Մի քանի տարի է ժողովուրդը սպասում է, բայց կրկես կառուցելը այդքան էլ հեշտ չէ: Կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեց, բայց հիմա էլ տեղ չկա նահանջելու: Կրկեսը պատրաստ է, ճանապարհին են լուսային եւ ձայնային մեծ սարքավորումները, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն, 2510 աթոռ էլ նվեր ենք ստացել, որոնք հարմարեցված են հատուկ կրկեսի համար: Մեր հովանավորը՝ Սամվել Կարապետյանը, խոստացել է այն ամենը, ինչ վերեւում նշեցի: Կրկեսի բացման ժամկետները նախատեսվում է մինչեւ այս տարվա վերջ՝ ըստ համաձայնեցված պայմանագրերի:

Կան ակրոբատիկ, մասսայական, գիմնաստիկական օդային ներկայացումներ, որ հին կրկեսում հնարավոր չէր: Առաջ կրկեսի բարձրությունը 18 մետր էր, հիմա 26 մետր է: Ամեն ինչ արվել է այնպես, որպեսզի մենք կարողանանք ցանկացած տիպի ներկայացում կազմակերպել՝ կրկեսը սառույցի վրա, կրկեսը ջրի մեջ: Ճիշտ է բացումը երկարում է, բայց մի քիչ էլ սպասեք եւ կունենանք շքեղ կրկես:

Լիանա Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, 2022թ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1082138

Leave A Comment

Other Articles

  • February 20, 2026
    Միջազգային փառատոն ”Կրկեսի արքայադուստրը” Ապրիլի 21-25, 2016 թ.
  • February 15, 2026
    ԿՐԿԵՍԸ` ՍԵՐ ԵՎ ԱՌԵՂԾՎԱԾ

Discover the Art of Dance

Discover the Art of Dance

Whether you prefer ballet, jazz, or hip hop , we have a class for you.